Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Սիրելը մարդ արարածի կոչումն է

Սիրելը մարդ  արարածի կոչումն է
04.12.2015 | 00:02

ԿԻՆԸ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ՄԵՋ


Սիրելիներ, եկեք մի պահ նայենք անցյալ և տեսնենք՝ ինչպիսին է եղել կնոջ կյանքը հեթանոսության ժամանակներից սկսած: Չբերենք առանձին օրինակներ: Երբ ծանոթանում ենք տարբեր ժողովուրդների սովորություններին, ընտանեկան հարաբերություններին, տեսնում ենք, որ կինն իր տեսակի մեջ եղել է ճնշված, քանի որ նա, ֆիզիկապես լինելով թույլ, չկարողանալով պաշտպանել ինքն իրեն, միշտ կարիք է ունեցել՝ իրենից ավելի ուժեղի՝ տղամարդու: Մենք գիտենք, երբ Ադամի և Եվայի անհնազանդության պատճառով տեղի ունեցավ արտաքսումը դրախտից, կինը ժառանգեց մի անեծք. «Ցավով զավակ ծնես և դեպ քո մարդը լինի քո փափագը և նա իշխե քեզ վրա» (Ծննդ. 3.16-17), որը շարունակաբար տարածվեց բոլոր կանանց վրա, մինչև ծնվեց Տիրամայրը` այն միակը և արդարը կանանցից, ով կարողացավ իր խոնարհամտությամբ և իմաստությամբ հաճություն ստանալ Աստծո առջև՝ ասելով. «Ահա Տիրոջ աղախինն եմ. թող քո խոսքի պես լինի ինձ» (Ղուկ. 1.38): Նրա պատասխանը տվեց իր «Պտուղը»:
Հիսուս Քրիստոսի մայր՝ ահա նա, ով կանանց համար որպես օրինակ տրվեց Աստծո կողմից: Բայց եկեք այսօր քննենք, թե ինչքանով մենք ընդունեցինք նրան որպես օրինակ մեր կյանքում՝ ինչպիսի՞ն էր նա որպես Աստծո դուստր, որպես կողակից` իր ամուսնուն՝ Հովսեփին, և որպես մայր` Հիսուս Քրիստոսին:
Աստվածաշնչում այնքան քիչ է խոսվում Տիրամոր մասին, որ թվում է, թե նա որևէ դեր չի ունեցել քրիստոնեության հաստատման և հետագա զարգացման գործում, առավել ևս, որ շատ հավատացյալներ մերժում են Աստվածամոր, որպես բարեխոսի դերը քրիստոնյաներիս կյանքում, չնայած բազում աստվածաբանների պնդումներին. «Ով Տիրամայր, Քո Որդուց հետո աշխարհն ավելի հզոր աջակից չունի, քան Դու ես, և չի կարող գտնել» (սուրբ Անսելմ, 1033-1109): Կենտրոնանալով Աստվածամոր կերպարի վրա` ինքներս կարող ենք տեսնել նրա բացարձակ ընտրյալ լինելը: Նա՝ որպես Աստծո դուստր կատարյալ խոնարհամտությամբ պատրաստակամ էր Նրա խոսքն ընդունելու և ի կատար ածելու, կատարյալ հնազանդությամբ հետևում էր իր ամուսնուն՝ Հովսեփին, առանց առարկության, և Աստծո խոսքի մեջ էր կրթում ու մեծացնում մեր Փրկչին՝ Հիսուսին:
Այսօր, սիրելիներս, ամբողջ աշխարհում անընդհատ խոսվում է կնոջ՝ որպես տղամարդուն հավասար անհատի կյանքը բոլոր առումներով ավելի բարենպաստ դարձնելու մասին, և ինչո՞ւ այդ խնդիրը չի լուծվում և դեռ կա պայքար, և չի բարելավվում ոչ միայն կնոջ վիճակը, այլև հաճախ խաթարվում ու խարխլվում է ընտանիք հասկացությունը, ի՞նչն է պատճառը: Պատճառն այն է, որ կանայք տակավին կասկածում են. արժե՞ նմանվել Աստվածամորը, թե՞ ոչ։

ՍԵԼԵԿՏԻՎ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՎԻԺԵՑՈՒՄ
Սիրելի կանայք, ամեն մի գործ, որ մենք կատարում ենք մեր կյանքն ավելի մաքուր դարձնելու, այսինքն՝ մեղքից զերծ պահելու համար, գովելի է: Գովելի է նաև, որ մենք միասին խոսում ենք մի երևույթի մասին, որն այսօր հետաձգման ենթակա չէ: Այսօր կինը, մայրանալու փոխարեն, ուզում է ազատվել իր երեխայից, ի՞նչն է պատճառը։ Պատճառներ թերևս շատ կան, բայց էական չեն, քանի որ, եթե մենք ճշմարիտ քրիստոնյա ենք, գիտենք, որ մեր կյանքը Աստծո տված պարգև է և, բնականաբար, Աստված է մեր մասին հոգ տանում:
Մայր Թերեզան ասել է.
-Արհեստական վիժեցումը ամենամեծ հանցագործությունն է, որը կատարվում է մեր աշխարհում ընդդեմ խաղաղության, քանի որ, եթե մայրը սպանում է իր սեփական երեխային, ապա ի՞նչը կարող է հետ պահել ինձ ու քեզ, որ մենք չսպանենք միմյանց:
Քրիստոնյա լինելու առաջնային պայմաններից մեկը թերևս ողորմածությունն է՝ «ողորմություն եմ ուզում և ոչ թե զոհ», ասում է Տերը: Ողորմածություն աղքատների նյութական կարիքները հոգալու, հիվանդներին այցելելու և խնամելու, որբերի և որբևայրիների նկատմամբ հարգանքի և էական օգնություն ցուցաբերելու, լքվածներին մխիթարելու: Ողորմության դրսևորում չէ՞, արդյոք, երբ մենք թույլ ենք տալիս ծնվել մեր սեփական զավակին՝ լինի նա դուստր, թե որդի: Իհարկե, մենք չենք փորձի ձեզ համոզել, որ հետագայում ձեր դուստրն է, որ կարող է ձեր ծերության ժամանակ ձեզ համար դառնալ խնամակալ, վերջապես Աստված է մեր մասին հոգ տանում թե՛ մեր երիտասարդ և թե՛ ծեր ժամանակ, եթե իհարկե մենք մինչ այդ ճանաչել ենք Նրան, և առավել ևս ապրել ենք համապատասխան Նրա կամքի, և Նրա կամքը չէ, երբ ծնողը ազատվում է իր երեխայից ինչ-ինչ պատճառներով: Դրան արդարացում չկա: Մենք, որպես մարդ, չենք ընդդիմանա Աստծո կամքին և չենք ուզի փոխել Աստծո կամքն ու որոշումը: Նա մեզ կտա դուստր թե որդի, երկու դեպքում էլ մենք սիրով կընդունենք նրան, սա է ճշմարիտ քրիստոնյայի պատասխանն Աստծուն:
Սեփական երեխային ծնվել թույլ չտալը եղեռնի մի ձև է, որը մեզ բոլորիս պարտավորեցնում է պայքարել այդ երևույթի դեմ: Եթե մենք չենք տեսնում երեխային և սպանում ենք, չի նշանակում, որ նա գոյություն չունի, և դրա համար մենք մարդասպան չենք կոչվելու:
Այսօր թե՛ մեր երկրում, թե՛ ուրիշ երկրներում, սիրելիներս, մարդը կորցրել է իր արժեքը, բայց մենք, քրիստոնյաներս, գիտենք, որ Աստված հենց մարդուն պատվիրեց իշխել ամեն ինչի վրա այս աշխարհում: ՈՒրեմն եկեք իշխենք, ոչ թե ցուցադրելով մեր իշխանությունը, այլ ծառայելով մարդկանց:

ԵՐԵԽԱՅԻՆ ԿՅԱՆՔ Է ՏԱԼԻՍ ԱՍՏՎԱԾ
Եվ կրկին, սիրելի կանայք, ավելորդ չէր լինի խոսել մեր դարի ամենամեծ աղետի՝ արհեստական վիժեցումների մասին:
Մենք առաջին հերթին պետք է գիտակցենք, որ երեխան, որին մենք կրում ենք, մեզ չի պատկանում, մենք չենք նրան կյանք տվողը և բարոյական ոչ մի իրավունք չունենք զրկելու նրան ապրելու իրավունքից, ինչպիսին էլ նա լինի: Շատ զարգացած երկրներում այսօր խրախուսվում է արհեստական վիժեցումը: Ինչ արդարացնող հանգամանքներ ասես չեն հնարում օրենսդիրները, որ մարդն ավելի ու ավելի անխիղճ դառնա: Իսկ Աստված, կարծես հակառակվելով մարդկանց, գործում է առերևույթ հրաշքներ՝ կրկին ու կրկին ապացուցելով, որ մարդկային մտածելակերպը, գիտության հնարավորությունները չեն կարող մեզ ապահովագրել և երջանկացնել:
Հոգևոր կիրթ կենսակերպով ապրող ընտանիքների համար Աստվածաշունչն է միակ օրենսգիրքը: Նրանց կյանքում, թերևս, չեն գործում այն օրենքները, որոնք հակասում են Աստծո խոսքին կամ հակամարդկային են և հետևանք են մարդկային ուժերով աշխարհում կատարյալ կյանքի պայմանների ստեղծմանը:
«Երկրագնդի վրա դրախտ ստեղծելու մարդկային փորձերը միշտ վերջացել են դժոխքով»,- գրել է 18-րդ դարի գերմանացի բանաստեղծ Ֆրիդրիխ Գելդերլին (1770-1843): Դրա վառ ապացույցը եղավ այն, երբ 20-րդ դարում կենսաբանական գիտությունների և տեխնիկայի զարգացման շնորհիվ, փորձեր արվեցին միջամտելու հասարակության և քաղաքակրթության՝ այսպես կոչված գենետիկ կարգավորմանը: Սկսեց օգտագործվել մի արտահայտություն՝ անպիտան գենետիկ նյութ, որին չի թույլ տրվում բազմանալ, և դա իր վերջնական անմարդկային գագաթնակետին հասցրեց Հիտլերը, երբ սկսեց ոչնչացնել այդպիսի մարդկանց: Ինչո՞վ ենք մենք տարբերվում այսօր նրանցից, երբ մեզ ապահովագրելու համար պատրաստ ենք կյանքից զրկելու մեր զավակին, քանի որ բժշկական հետազոտությունները ցույց են տվել, որ նա չի պատկանում մեր ուզած սեռին կամ ունի ֆիզիկական որոշակի շեղումներ: Բայց չմոռանանք, որ այդ նույն բժիշկը չի տեսնում երեխայի մտավոր ու հոգևոր վիճակը, և այդ երեխան ծնվելով, թերևս, ավելի շատ տառապանք ու հոգս կարող է պատճառել իր ծնողներին և հասարակությանը:
Ինչքան քրիստոնյա ընտանիքներ, ովքեր վստահել են Ավետարանի ճշմարիտ խոսքին, սիրելիներս, այսօր կարող են վկայել, որ աղոթքի միջոցով կարողացել են բժշկել իրենց երեխային դեռ իրենց որովայնում, երբ նույնիսկ իրենց ասված է եղել, որ հույս չկա, որ իրենց երեխան ծնվի առողջ:
Սակայն չմոռանանք Աստծո մեծահոգության մասին և լինենք համոզված, որ անգամ եթե գնացել ենք այնպիսի քայլի, որը հակառակ է եղել Աստծո կողմից մեզ պատվիրված օրենքներին և մեզ հեռացրել է Նրանից, մենք միշտ ներում ստանալու հույս ունենք Ապաշխարության ու Հաղորդության միջոցով:


Անահիտ-Աննա ԳԻՇՅԱՆ

Դիտվել է՝ 993

Մեկնաբանություններ